00:45 • 27.08.15

Մոսկվայի հայկական թատրոնը մասնակցել է Ավինյոնի (Ֆրանսիա) 50-րդ հոբելյանական  Off փառատոնին, որին ներկայացրել է «Une Demande De Mariage» կամ «Առաջարկ+» ներկայացումը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են Ռուսաստանի հայերի միությունից, ներկայացման հիմքում Չեխովի, Պուշկինի և Ֆիլատովի ստեղծագործություններն են: Ներկայացումը բեմադրել է թատրոնի գեղարվեստական տնօրեն Սլավա Ստեփանյանը:


Այն փառատոնի ընթացքում լավագույնն է ճանաչվել «Ռուսական դասական թատրոն» անվանակարգում և թատրոնի անձնակազմը Association Lyrique Artistique International de Vedene France-ի կողմից սերտիֆիկատներ է ստացել լավագույն ռեժիսուրայի, գեղարվեստական ստեղծագործության ադապտացիայի, լավագույն տղամարդու, կնոջ գլխավոր դերի համար:

«Պետք է նշել, որ դեռևս 2013 թվականին Ավինյոնում հաջող ելույթից հետո մեր թատրոնի վրա ուշադրություն դարձրին ֆրանսիացի պրոդյուսերները և զբաղվեցին դրա առաջխաղացմամբ` եվրոպական շուկայում»,- նշել է Սլավա Ստեփանյանը` հավելելով, որ ֆրանսիացի պրոդյուսերների շնորհիվ իրենք մի շարք երկրներում են հանդես եկել, իսկ Փարիզում և Էքս-Ան-Պրովանսում հյուրախաղեր կունենան 2016-ի գարնանը:


Բացի այդ, առաջարկվել է հյուրախաղերով հանդես գալ Բուենոս Այրեսում: Իր 13-րդ թատերաշրջանը թատրոնը կսկսի սեպտեմբերի 18-ին Մոսկվայում:

Наш буклет

Tripadviser

Мы в соцсетях