Շատ ռեժիսորներ փորձում են լինել «թրենդում» եւ բեմադրում են գրեթե նույնատիպ ներկայացումներ. Զիտա Բադալյան
Խաղացանկի ընտրության, դերերի եւ թատերական արվեստի նշանակության մասին զրուցեցինք Մոսկվայի հայկական թատրոնի տնօրեն, ռեժիսոր եւ դերասանուհի ԶԻՏԱ ԲԱԴԱԼՅԱՆԻ հետ:
«ԴԵՐԵՐԻ ՃԻՇՏ ԲԱՇԽՈՒՄՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ 50 ՏՈԿՈՍՆ Է»
— Բեմադրության համար պիեսներ ինչպե՞ս եք ընտրում: Ի՞նչն է Ձեզ համար առաջնային՝ թեմայի արդիականությո՞ւնը, դրամատուրգիայի ուժե՞րը, թե՞ այլ բան։
— Պիեսի ընտրությունը պայմանավորված է մի շարք գործոններով՝ կախված թատրոնի առջեւ դրված խնդիրներից եւ խաղաշրջանից։ Առաջնային չափանիշն, իհարկե, դրամատուրգիայի ուժն է՝ ամուր կառուցվածք, կենդանի կերպարներ, հակադրություն եւ թեմա, որոնք հնարավոր է լիարժեք բացահայտել բեմում։ Բնականաբար, կարեւոր է նաեւ արդիականությունը։ Այս առումով դասականը հատկապես ուժեղ է. գրագետ ռեժիսուրայի միջոցով կարելի է ժամանակակից հնչողություն տալ ցանկացած թեմայի։ Կարեւոր է նաեւ համապատասխան դերասանական կազմը. դերերի ճիշտ բաշխումն աշխատանքի 50 տոկոսն է։
Եթե խոսենք հանդիսատեսի մասին, ապա այստեղ փորձում ենք պահպանել հավասարակշռություն թատրոնի առաքելության եւ կոմերցիոն կենսունակության միջեւ։ Պարտադիր ուշադրություն ենք դարձնում նաեւ սոցիալ-կրթական բաղադրիչին, ինչպես նաեւ ներկայացման մասնակցության հնարավորությանը տարբեր թատերական փառատոնների։
— Ի՞նչ կասեք ռեժիսոր-դերասան կապի մասին: Կա՞ միմյանց հանդեպ վստահություն:
— Ամեն ինչ սկսվում է վստահությունից։ Եթե դերասանը մասնակցում է իմ ներկայացմանը, նշանակում է՝ ես հավատում եմ նրան եւ վստահ եմ, որ նա կկատարի առաջադրանքը։ Երբեմն արդյունքն արագ տեղի չի ունենում, սակայն վերջում ստացվում է հենց այն, ինչ անհրաժեշտ է։ Յուրաքանչյուր դերասանի նկատմամբ անհատական մոտեցում է պետք. մենք բոլորս տարբեր ենք։ Հաշվի եմ առնում տվյալ դերասանի խառնվածքը, աշխատանքի մեթոդը, անձնական սահմանները։ Հաճախ նույն դերի վրա աշխատում են երկու դերասան, եւ յուրաքանչյուրը ստեղծում է իր յուրահատուկ կերպարը: Ես ձգտում եմ դերասանի մեջ տեսնել հենց այն կերպարը, որն անհրաժեշտ է ներկայացման համար՝ երբեմն նույնիսկ ավելին, քան դերասանն ինքն է տեսնում։ Եվ երբ հաջողվում է այդ կերպարը դուրս բերել, դա մեծ հաղթանակ է։
«ԼԱՎ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՄ ԱՐՏԻՍՏՆԵՐԻ ԿԱՐԻՔՆԵՐԸ»
— Ինչպե՞ս են թատրոնի տնօրեն-դերասան հարաբերությունները:
— Կրկին՝ վստահության հիմքով։ Ես վստահում եմ նրանց, նրանք՝ ինձ։ Քանի որ ես ինքս նախ եւ առաջ դերասանուհի եմ, լավ հասկանում եմ արտիստների կարիքները եւ փորձում եմ հնարավորության սահմաններում աջակցել նրանց։ Վստահությունը կառուցվում է «ասացիր՝ արա» սկզբունքով․ խոսքն ու գործը պետք է համընկնեն։ Եվ դա ամրապնդում է հեղինակությունը։ Ես բացատրում եմ իմ որոշումների պատճառները, պահպանում եմ կարգապահությունը, բայց երբեք չեմ մոռանում մարդկային վերաբերմունքի մասին։
— Հաճա՞խ եք թատրոն այցելում որպես հանդիսատես։
— Ցավոք՝ ոչ այնքան հաճախ, որքան կուզենայի, զբաղվածության պատճառով։ Սակայն երբ հնարավորություն է լինում, մեծ հաճույքով գնում եւ դիտում եմ գործընկերների աշխատանքը։ Դա օգնում է ոչ միայն կտրվել առօրյայից, այլեւ գտնել ստեղծագործական եւ փիլիսոփայական հարցերի բազմաթիվ պատասխաններ: Այսօր ես թատրոն եմ այցելում ոչ միայն որպես հանդիսատես, այլ նաեւ որպես տնօրեն՝ տեսնելու թատերախմբի աշխատանքը, գնահատելու բեմական լուծումները եւ գաղափարներ գտնելու խաղացանկի հետագա զարգացման համար։ Սիրում եմ սովորել գործընկերներից։
«ՄԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ՄԱՐԴԸ ՄԵՐ ՎԱՐՊԵՏՆ Է»
— Դժվար չէ՞ համատեղել դերասանուհու, ռեժիսորի եւ տնօրենի աշխատանքը։
— Մի փոքր բարդ է, բայց հնարավոր։ Թատրոնի համար պատասխանատվությունն ավելի է մեծացել։ Ի սկզբանե ես անում էի այն ամենը, ինչ անում եմ այսօր, պարզապես այժմ դա ավելի պրոֆեսիոնալ բնույթ է կրում։ Մեր գեղարվեստական ղեկավարի՝ Սլավա Աշոտի Ստեփանյանի եւ գեղարվեստական ղեկավարի տեղակալ Նելլի Շահբազյանի հետ միասին մասնակցում եմ դերասանների լսումներին, ներգրավված եմ բեմադրվող նյութի ընտրության գործընթացում, զբաղվում եմ PR-մենեջմենթով, անցյալ տարի ընտրվել եմ Վախթանգովյան թատերական մենեջերների փառատոնին մասնակցելու համար, ինչպես նաեւ լուծում եմ տեխնիկական հարցեր։ Ե՛վ որպես դերասանուհի, ե՛ւ որպես ռեժիսոր, ե՛ւ որպես տնօրեն՝ նպատակս մեկն է՝ զարգացնել մեր թատրոնը։ Իրականում մեզ համար ամենակարեւոր մարդը մեր վարպետն է՝ Սլավա Աշոտի Ստեփանյանը։ Վերջնական խոսքը միշտ իրենն է։
— Աշխատանքը չի՞ խանգարում անձնական կյանքին։
— Երբեմն դժվարություններ լինում են, բայց ճիշտ պլանավորման եւ պարտականությունների բաշխման դեպքում հնարավոր է ամեն ինչ համատեղել։ Թեեւ պետք է խոստովանեմ՝ սիրում եմ ամեն ինչ ինքս անել եւ վերահսկել։ Բայց երբ կա հենման կետ, մնացած ամեն ինչ կառուցվում է դրա շուրջ:
— Պատմեք Ձեր ընտանիքի մասին։
— Ես մեծ ընտանիք ունեմ։ Մայրս խոհարար է, հայրս՝ ուսուցիչ-թոշակառու։ Կրտսեր եղբայրս ունի իր ընտանիքը։ Ունեմ երկու սիրելի զարմիկներ՝ Մոնիկան, որը ակտիվ եւ հաջողությամբ զբաղվում է վոլեյբոլով, եւ Արարատը՝ ֆուտբոլիստ է, անցյալ տարի ճանաչվել է լավագույն խաղացող։ Եղբորս կինը՝ Տաթեւիկը, իմ լավագույն ընկերուհին է։ Մենք սիրում ենք միասին պատրաստել, միասին նշել բոլոր տոները։ Կիրակին մեր ընտանեկան օրն է. հավաքվում ենք, խաղում տարբեր խաղեր՝ լոտո, «Դուբլ», «Քաղաքներ», «Ծովամարտ», «Մաֆիա». միշտ շատ ուրախ է անցնում։ Ինձ համար ընտանեկան ավանդույթները չափազանց կարեւոր են։ Ես այնպիսի ընտանիքից եմ, որտեղ գնահատվում են պատասխանատվությունն ու աշխատասիրությունը. դա ձեւավորել է իմ վերաբերմունքը գործի նկատմամբ։ Ծնողներս միշտ խրախուսել են կրթությունն ու ինքնուրույնությունը։ Մեր ընտանիքում նաեւ ստեղծագործական մթնոլորտ է տիրում: Մայրս շատ է սիրում երգել, նույնիսկ ցանկացել է դառնալ պրոֆեսիոնալ երգչուհի, սակայն, ցավոք, հանգամանքներն այլ կերպ դասավորվեցին։ Այդ պատճառով մանկուց եղել եմ ստեղծագործական միջավայրում, ինչը մեծապես պայմանավորել է մասնագիտության ընտրությունս։
— Ո՞րն է Ձեզ համար առավել կարեւոր՝ կարիերա՞ն, թե՞ ընտանիքը։
— Անմիջապես ընտրություն անել հնարավոր չէ․ ե՛ւ կարիերան, ե՛ւ ընտանիքը կարեւոր են։ Անկեղծ ասած, դա նույնն է, ինչ հարցնեն՝ ում ավելի շատ ես սիրում՝ հայրիկի՞դ, թե՞ մայրիկիդ։ Ընտանիքը տալիս է աջակցություն, իմաստ, վերականգնում, ջերմություն եւ ուժ։ Կարիերան բերում է ինքնաիրացում, ռեսուրս, մյուսներին պետք լինելու զգացում, ինչը նույնպես կյանքի իմաստ է հաղորդում։ Մեր ժամանակներում բազմաթիվ օրինակներ կան, երբ ընտանիքն ու կարիերան ներդաշնակորեն լրացնում են միմյանց։ Ամեն ինչ կախված է մեզանից։
«ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԹԱՏՐՈՆԸ ԵՐԲԵՄՆ ՏՈՒԺՈՒՄ Է «ՄՈԴԱՅԻԿ» ԼԻՆԵԼՈՒ ՁԳՏՈՒՄԻՑ»
— Ի՞նչ կխնդրեիք հրաշագործից, եթե պատհաբար հանդիպեիք։
— Կխնդրեի մեր թատրոնի համար գեղեցիկ, ֆունկցիոնալ եւ հարմար շենք։ Որպեսզի կարողանանք ավելի լայն գործունեություն ծավալել, ավելի հաճախ ներկայացումներ խաղալ։ Այժմ մեզ այդ հնարավորությունը չի բավականացնում. խաղում ենք շաբաթը մեկ անգամ՝ հիմնականում ուրբաթ կամ շաբաթ օրերին։ Կցանկանայի հնարավորություն ունենալ բեմադրելու տեխնիկապես ավելի բարդ եւ հետաքրքիր ներկայացումներ, ձեւավորել հանդիսասրահը, ֆոյեն, բեմը հենց այն ձեւով, ինչպես պատկերացնում ենք։ Մենք շատ հետաքրքիր գաղափարներ ունենք։
— Ի՞նչ կցանկանայիք փոխել ժամանակակից թատերական գործընթացում, եթե նման հնարավորություն ունենայիք։
— Իմ կարծիքով՝ ժամանակակից թատրոնը երբեմն տուժում է «մոդայիկ» լինելու ձգտումից։ Շատ ռեժիսորներ փորձում են լինել «թրենդում» եւ արդյունքում բեմադրում են գրեթե նույնատիպ ներկայացումներ։ Երբ հաճախ ես այցելում տարբեր թատրոններ, երբեմն թվում է, թե ամենուր նույն ռեժիսորն է աշխատում․ դերասանական խաղը, ոճը, գեղարվեստական լուծումները շատ նման են։ Ես կուզենայի, որ յուրաքանչյուր թատրոն ունենա իր ձեռագիրը, իր դեմքը։ Հենց դա է հետաքրքիր։
— Ինչպե՞ս եք վերաբերվում թատրոնում կատարվող փորձարարություններին:
— Ինձ դուր են գալիս փորձարարությունները. դրանք հնարավորություն են տալիս զարգացնել թատերախումբը, բացում են նոր արտահայտչական լեզուներ եւ ձեւեր, ներգրավում են նոր հանդիսատես։ Սակայն կարծում եմ, որ փորձարարությունը պետք է լինի տեղին, հիմնավորված եւ գաղափարով ամրապնդված, քանի որ ամեն ստեղծագործություն չի կարելի անվանել արվեստ։
«ԵՍ ԵՐՋԱՆԻԿ ՄԱՐԴ ԵՄ. ՈՒՆԵՄ ԵՐԿՈՒ ՀԱՅՐԵՆԻՔ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆ»
ստեղծագործությամբ ուզում եմ ցույց տալ Հայաստանը որպես միաժամանակ հին եւ ժամանակակից ժողովուրդ՝ հպարտ, բայց նաեւ խոցելի, ողբերգական, բայց նաեւ ժպտացող։ Մենք ստեղծագործող, իմաստուն եւ բանաստեղծական ժողովուրդ ենք։ Մի անգամ, երբ Լոռիում հյուրախաղերի էինք, մեր դերասաններից մեկը՝ Իվան Գրոզդեւը, տեսնելով այդ վայրերի բնության ամբողջ գեղեցկությունը, ասաց. «Այստեղ կարելի է ամեն օր բանաստեղծություններ գրել, այնքան գեղեցիկ եւ պոետիկ է»։
«ՑԱՆԿԱՑԱ ԻՄ ԴԵԲՅՈՒՏԸ ՍԿՍԵԼ ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆԻՑ»
— 2024 թվականին մշակույթի զարգացման մեջ ունեցած մեծ ավանդի համար Դուք եւ Սլավա Ստեփանյանը արժանացաք ՌԴ մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովայի շնորհակալագրին։ Ի՞նչ զգացիք այդ պահին։
— Երբ ինձ հանձնեցին շնորհակալագիրը, սկզբում զգացի հուզմունք եւ շփոթվածություն։ Հաճելի է, երբ քո աշխատանքը գնահատվում է, բայց առավել կարեւոր է հասկանալ, որ դա միայն քո վաստակը չէ։ Ես զգացի հպարտություն՝ մեր ներկայացումների, թիմի եւ հանդիսատեսի համար, որոնք դա հնարավոր դարձրեցին։ Զգացի նաեւ պատասխանատվություն. դա վստահության նշան է, որը պարտավորեցնում է չկանգնել եւ աշխատել ավելի լավ։ Ընդհանուր առմամբ, դա ե՛ւ հաճելի ճանաչում էր, ե՛ւ հիշեցում՝ հանդիսատեսի եւ մշակույթի առաջ ունեցած պարտքի մասին։ Ես այդ պարգեւը ընկալում եմ որպես ընդհանուր աշխատանքի արդյունք եւ որպես պարտավորություն՝ շարունակելու եւ առաջ շարժվելու։
— Ի՞նչ նոր ծրագրեր ունեք:
— Այժմ որպես ռեժիսոր բեմադրում եմ հետաքրքիր եւ կենսախինդ «Գեղեցկության սրահ» կատակերգությունը։ Սա իմ առաջին մեծ աշխատանքն է՝ որպես դրամատիկական ռեժիսոր։ Մինչ այդ ունեցել եմ տիկնիկային բեմադրություններ եւ հաճախ հանդես եմ եկել որպես երկրորդ ռեժիսոր։ Ցանկացա իմ դեբյուտը սկսել կատակերգությունից՝ հումորով եւ թեթեւությամբ։ Շատ եմ սիրում այս ժանրը, թեեւ այն բարդ է. կարեւոր է պահել հավասարակշռությունը, չընկնել գռեհկության կամ պարզունակության մեջ։ Կատակերգությունը պետք է ունենա լուրջ բովանդակություն, որի մասին կարելի է խոսել թեթեւ ձեւով։
Մեր ներկայացումը պատմում է այն մասին, թե ինչպես ենք մենք սիրում ամեն ինչ բարդացնել, «մկից փիղ սարքել» եւ ընկնել ծիծաղելի իրավիճակների մեջ, որոնք երբեմն կարող են հանգեցնել նաեւ լուրջ դրամայի։ Այստեղ ծնվում են գաղտնիքներ եւ իրական կանացի խոսակցություններ։ Հումոր, զգացմունքներ, երաժշտություն՝ ամեն ինչ, ինչ վերաբերում է կանանց, տղամարդկանց եւ նրանց միջեւ տեղի ունեցողին։ Այսպիսով դա պատմություն է սիրո, ընկերության, դավաճանության, երազանքների եւ, իհարկե, կանանց ցավի մասին՝ թեթեւ, անկեղծ եւ շատ հարազատ հնչողությամբ։
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

