Մոսկվայի հայկական թատրոնի նպատակը` մեր մշակույթը տարածելն է. Ստեփանյան «ՎԵՐՋԱՊԵ՛Ս… ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆԻՑ «ՈՒՌԱ՜» ԷԻՆՔ ԳՈՌՈՒՄ» «Իրավունքը» զրուցել է Մոսկվայի հայկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, Վրաստանի եւ Ռուսաստանի թատերական գործիչների, Մոսկվայի կինոդերասանի գիլդիայի միության անդամ, դերասան, բեմադրիչ ՍԼԱՎԱ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ հետ: «ՄԵՐ ԲԱԶՄԱԶԳ ԹԱՏԵՐԱԿԱՆ ԿՈԼԵԿՏԻՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՄԱԼՐՎԵՑ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԱԴՐԵՐՈՎ» — Պարոն Ստեփանյան, առաջիկայում Մոսկվայի հայկական թատրոնն ի՞նչ ներկայացումներով հանդես կգա: — Նոր տարվա տոներից հետո` փետրվարի 7-ից վերսկսեցինք մեր ներկայացումները: Ունեցանք նոր պրեմիերա՝ Նիկա Կվիժինաձեի հեղինակային երաժշտական «Կոլպակ» մանկական գունեղ հեքիաթ-ներկայացումը, որը շատ ուսուցողական է։ Այսպիսով, փետրվարի 13-ին՝ «Փնտրում եմ սիրելիիս», 21-ին՝ «Ախ, Ռուբիկ, Ռուբիկ», փետրվարի 28-ին՝ «Չառլիի մորաքույրը»: Մարտի 7-ին՝ «Ութ կանայք», մարտի 13-ին՝ Վիլյամ Սարոյանի «Հե՜յ, ով կա» եւ այլն: Դրանց զուգահեռ պատրաստվում է Զիտա Բադալյանի բեմադրությամբ նոր պրեմիերա: Անցյալ տարի Զիտան ավարտեց Կոնստանտին Ռայկինի թատերական արվեստի բարձրագույն դպրոցի ռեժսուրայի բաժինը: Լինելով մեր թատրոնի առաջատար դերասանուհին՝ դրան զուգահեռ Զիտան նաեւ այսօր զբաղեցնում է մեր թատրոնի տնօրենի պաշտոնը: Ասեմ նաեւ, որ մեր բազմազգ թատերական կոլեկտիվի կազմը համալրվեց երիտասարդ կադրերով: — Մեր օրերում շատերը բլոգերների, այլ մասնագիտության տեր մարդկանց նույնպես հրավիրում են խաղալու թատերական ներկայացումներում, սերիալներում: Դուք դերասաններ ընտրելիս թատերական կրթության վրա ուշադրություն դարձնո՞ւմ եք: — Ցավոք սրտի, այսօր մենք ականատես ենք լինում այն բանի, որ ե՛ւ կինոյում, ե՛ւ թատրոնում տեսնում ենք ոչ պրոֆեսիոնալ դերասանների: Եվ, իհարկե, այդ ամենի պատճառը՝ փող աշխատելու մոլուցքն է: Ես իմ մասնագիտությունը շատ եմ հարգում եւ լրջորեն եմ վերաբերվում: Մեր ողջ ստեղծագործական կազմը համալրված է պրոֆեսիոնալ դերասաններով: Բոլորը Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Միացյալ Նահանգների եւ այլ երկրների թատերական բուհերի շրջանավարտներն են: «ՖԻԼՄԻ ԳԵՐԽՆԴԻՐԸ ՀԱՅԻՆ ՀԻՇԵՑՆԵԼՆ Է, ՈՐ ՄԵՆՔ ՀԱՂԹԵԼ ԵՆՔ ՈՒ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՀԱՂԹԵԼ» — Երկար տարիների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ Դուք եւ Զիտա Բադալյանը 2024թ. մշակույթի զարգացման գործում մեծ ներդրում ունենալու համար ՌԴ մշակույթի նախարար Օլգա Բորիսովնա Լյուբիմովայի կողմից շնորհակալագրի եք արժանացել: Ի՞նչ զգացիք այդ պահին, երբ Ձեզ հանձնեցին շնորհակալագիրը: — Իհարկե, ուրախալի ու ոգեւորող է աշխարի ամենաթատերական երկրի մշակույթի  նախարարի ուշադրության ոլորտում լինելը։ — «Ոսկե դուբլ», «Արարատ 73» ֆիլմում հովվի կերպարով եք հանդես գալիս: Ձեր ասելիքն այդ ֆիլմում  ո՞րն է: — Այդ ֆիլմում նկարահանվելու համար շնորհակալությունս եմ հայտնում Վալերի Սահարյանին, Մհեր Մկրտչյանին: Եվ, իհարկե, շատ հաճելի էր այդպիսի հրաշք ստեղծագործական կազմի հետ իմ անձնական լուման ունենալը: Ես շատ ուրախ եմ, որ այդ ֆիլմը նկարվեց: Ըստ իս, ֆիլմի գերխնդիրը հային հիշեցնելն է այն մասին, որ մենք հաղթել ենք ու կարող ենք հաղթել: Իսկ իմ կերպարի գերխնդիրը՝ որ ամեն մարդ կյանքում իր կողքին պետք է ունենա մեկին, որին կարող է վստահել ու հետեւից գնալ: — Իրական կյանքում Ձեր կողքին կա՞ն այդպիսի մարդիկ, որոնց հետեւից կարող եք գնալ: — Իմ բախտը բերել է: Կողքիս կան այնպիսի մարդիկ, որոնց հետեւից հանգիստ խղճով կարող եմ գնալ եւ չվախենալ: Եվ Աստծուց մի բան եմ խնդրում՝ առողջություն եւ հաջողություն նրանց: «ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ԴԱՐԱՎՈՐ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆԸ ՈՉ ՈՔԻ ՉԻ ՀԱՋՈՂՎԻ ՎՆԱՍ ՀԱՍՑՆԵԼ» — Այսօր շատ է խոսվում հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման մասին: Դուք դա ինչպե՞ս կմեկնաբանեք: — Կյանքում լինում են այնպիսի պահեր, որ նույնիսկ եղբայրն է եղբորը նեղացնում: Եթե մեկ-երկու չհասկանալու պահեր եղան, դա չի նշանակում, որ մենք այլեւս մտերիմ չենք: Հայ եւ ռուս ազգի մտերմությունը դեռեւս Պետրոս Առաջինի, Եկատերինայի ժամանակներից է գալիս: Ու ես վստահ եմ, որ մեր դարավոր բարեկամությանը ոչ ոքի չի հաջողվի վնաս հասցնել: Այսօր մենք մեզանից գո՞հ ենք, որ մեղադրում ենք ուրիշներին: Տեսեք՝ ի՞նչ է կատարվում երկրի ներսում: Ազգն օր օրի մասերի է բաժանվում. է՛լ սեւ, է՛լ սպիտակ, է՛լ մոխրագույն... — Այսօր նաեւ խախտված է հայ եկեղեցու միաբանությունը: Ի՞նչ կասեք այս մասին: — Ո՞վ է դա արել՝ ռո՞ւսը, անգլիացի՞ն, ֆրանսիացի՞ն...Եկեք մենք առաջին հերթին այդ վիճակից ինքներս մեզ դուրս բերենք, հետո նոր մեղավորների դրսում որոնենք: «ԸՆԿԵՐ ԿԱՐՈՂ ԵՍ ՈՒՆԵՆԱԼ ՄԻԱՅՆ ԱՅՆ ԴԵՊՔՈՒՄ, ԵՐԲ ՃԱՆԱՉՈՒՄ ԵՆ, ԹԵ  ԴՈՒ Ո՞Վ ԵՍ» — Մոսկվայի հայկական թատրոնի խաղացանկում ինչո՞ւ են հիմնականում ռուսերեն լեզվով ներկայացումները: Չնայած` տեղյակ եմ, որ ունեք նաեւ ներկայացումներ հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն լեզուներով: — Ես գտնում եմ, որ ամեն ստեղծագործական կոլեկտիվ պետք է ունենա իր գերխնդիրը: Մեր թատրոնի գերխնդիրը` հայերին եւ օտարազգի թատերասեր հասարակությանը ծանոթացնելն է մեր մշակույթի, պատմության եւ արվեստի հետ: Լինելով Մոսկվայի մշակութային հաստատություն, խաղում ենք հիմնականում ռուսերենով, քանի որ Մոսկվայում ենք գործում, որպեսզի հասկանալի լինենք բոլորին: Այսօր քանի՞ երիտասարդ հայ գիտեք, որ հայոց պատմություն գիտի, էլ չեմ հարցնում Աղայան, Պռոշյան,Դուրյան կարդացե՞լ են: Ու ամենացավալին այն է, որ երիտասարդներից շատ- շատերը արդեն հայերեն չեն խոսում, կամ շատ վատ են խոսում, իսկ կարդալ ու գրել` էլ ավելի վատ։ Դրա համար Մոսկվայի հայկական թատրոնի խնդիրը մեր մշակույթը տարածելն է: Մեր մի շարք փորձարկումները ցույց տվեցին, որ հայրենիքի պատմությունը իմանալը, մեր մեծերին ճանաչելը նրանց մոտ արթնացնում է հայրենասիրության կոդը: Տեսեք, թե ինչ է անում մեր հարեւանը` օրը ցերեկով զավթում, գողանում ու աշխարհով մեկ գոռում է, որ իրենցն է: Իսկ մենք ունենք ու չենք մտածում դա մատուցելու մասին: Բա մեզ ինչի՞ համար հարգեն: Մենք ընկեր պետք է ունենա՞նք, թե՝ ոչ: Իսկ ընկեր կարող ես ունենալ միայն այն դեպքում, երբ ճանաչում են, թե դու ո՞վ ես: Երբ գալիս դիտում են Թումանյանի գործերի հիման վրա արված ներկայացումները, միայն տեսնեք, թե հանդիսատեսն ինչ հիացմունքի խոսքեր է ասում նրա վերաբերյալ։ Թումանյանով հպարտանում ենք: «ՌԴ ԱՐՏԻՍՏՆԵՐՆ ՈՒԹ ՏԱՐԻ ԱՅԴ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՄԵՋ ԽԱՂԱՑԻՆ ԱՆՎՃԱՐ» — Դուք նաեւ մի շարք ներկայացումներով ցեղասպանության թեման եք արծարծում, այդ շարքում է` «Ոտքի՛, դատարանն է գալիս»-ը, որտեղ խաղում էին նաեւ Ռուսաստանի ճանաչված եւ սիրված դերասանները: Կթվարկե՞ք նրանց անունները: — Այո, ժամանակին բեմադրել եմ Պերճ Զեյթունցյանի համանուն դրամայի հիման վրա «Ոտքի՛, դատարանն է գալիս» Հայոց եղեռնի վերաբերյալ 2 ժամ տեւողությամբ ներկայացումը, որտեղ մասնակցում էին Ռուսաստանի 25 վաստակավոր եւ ժողովրդական դերասան: Հպարտ եւ շնորհակալ եմ, որ մեր ներկայացման մեջ խաղացել են Ռուսաստանի ժողովրդական արտիստներ Ալեքսանդր Կորշունովը, Յուրի Նազարովը, Իգոր Կոստոլեւսկին, Դմիտրի Խառատյանը, Ալեքսեյ Շեյնինը,Ալեքսանդր Միխայլովը, Ալեքսանդր Գոլոբորոդկոն, Ալեքսեյ Պետրենկոն, Էմմանուիլ Վիտորգանը, Վլադիմիր Կոնկինը, Սերգեյ Սազոնտեւը: Ռուսաստանի վաստակավոր արտիստներ Ալեքսանդր Սեմչեւը, Օլեգ Գուշչինը, Օլգա Կաբոն, Գենադի Մատվեեւը, Գեորգի Մարտիրոսյանը, Ալեքսանդր Տյուտինը եւ այլք... Նրանք ութ տարի այդ ներկայացման մեջ խաղացին անվճար: — Ի՞նչ հիշողություն ունեք այդ ներկայացման հետ կապված: — ՌԴ ժողովրդական արտիստ Ալեքսեյ Պետրենկոն մինչ այդ ներկայացումը ոչինչ չգիտեր Հայոց ցեղասպանության, Կոմիտասի, Գրիգոր Զոհրապի եւ այլոց մասին: Սակայն, փորձերի ընթացքում, 1915թ. տեղի ունեցած սարսափելի իրադարձությունների մասին իմանալուց հետո, այնքան էր հուզվել, որ ներկայացման ժամանակ վատացավ։ Դատավորի դերակատար՝ ՌԴ վաստակավոր դերասան Ալեքսանդր Սեմչեւը դրությունը շտկելու համար նրան ջուր է առաջարկում եւ ուզում է դուրս հրավիրել, քանի որ տեսնում է, որ նա արդեն ոտքի վրա հազիվ է կանգնում: Բայց Ալեքսեյ Վասիլեւիչն իր տեսարանը մինչեւ վերջ մի կերպ տարավ, դուրս եկավ բեմից եւ կուլիսներում գիտակցությունը կորցրեց: Ներկայացումը շարունակվեց, իսկ մենք զուգահեռ շտապօգնություն կանչեցինք եւ նրան ուղարկեցինք հիվանդանոց: Վաղ առավոտյան գլխավոր բժիշկը զանգեց եւ հայտնեց, որ մեր սիրելի դերասանը սրտի տագնապ է ունեցել: Հիմա, փառք Աստծո, վտանգն անցել է: Երեք օր անց, երբ նա դուրս գրվեց, ասաց, որ իրեն ցնցել էր Ցեղասպանության փաստը: — Իսկ հայրենիքում  վերջին անգամ ե՞րբ եք եղել: Ի՞նչ նորություն ունեք, որ կուզենայիք կիսվել մեզ հետ: — Մեզ շատ է ուրախացրել այն փաստը, որ արդեն երկու տարի է` մեր թատերաշրջանը բացում ենք Հայաստանի Լոռվա աշխարհում: Հրավիրվում են Լոռու թատերական փառատոնին մասնակցելու, որը մեր դերասաններին մեծ լիցք է հաղորդում: Ասեմ նաեւ, որ թատրոնին կից բացել ենք նաեւ առաջին տիկնիկային հայկական թատրոնը, որտեղ բոլոր ներկայացումները անցկացվում են հայերեն եւ ռուսերեն: Ես հպարտանում եմ մեր կոլեկտիվի անդամներով՝ ի թիվս Նելլի Շահբազովայի, Զիտա Բադալյանի, Հռիփսիմե Գյուլեզյանի, Աիդա Աղաբեկյանի, Արթուր Չալիկյանի, Արթուր Պապոյանի, Արարատ Վարդանյանի եւ այլոց, որ տեսնում եմ, թե նրանք ինչ ինքնանվիրումով են աշխատում: Եվ, իհարկե, ամբողջ կոլեկտիվով շատ շնորհակալ ենք Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին՝ մեր հրաշք կամերային դահլիճն ունենալու եւ իր ջերմ վերաբերմունքի համար: Ի դեպ, շատ ուրախացանք, իմանալով, որ Երեւանի Համազգային թատրոնն արդեն իր տունն ունի: Դա մեծ երջանկություն է: Մենք, որպես կոլեգաներ, գտնում ենք, որ վերջապես գեղեցիկ բան կատարվեց, որի համար ուրախությունից «ուռա՜» էինք գոռում: Մեր ողջ խմբի անունից շնորհավորում եմ։ ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ https://iravunk.com/?p=334086&l=am&fbclid=IwdGRjcAQTvfxjbGNrBBO9-WV4dG4DYWVtAjExAHNydGMGYXBwX2lkDDM1MDY4NTUzMTcyOAABHkO8g0ZmJHeIzClkTLfoI4o4L1cpsqwNpNUYgS31roFtA_9Qe3UL0lu4g21p_aem_EIT8qa0A2vnQlOjFacMrNA

Наш буклет

Tripadviser

Мы в соцсетях